ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, տեղի ունեցած նիստում որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ։
Համաձայն կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման 13-րդ կետի՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ:
Նշված կարգավորման համաձայն՝ եթե բակալավրի կրթական ծրագրով սովորող կամ դիմորդ հանդիսացող քաղաքացին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է ստանալ կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխան՝ նշանակալի նվաճումներ ունենալու արդյունքում, իսկ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող կամ դիմորդ հանդիսացող քաղաքացին՝ 8-րդ կետի պահանջներին համապատասխան՝ նշանակալի նվաճումներ ունենալու արդյունքում, ապա վերջիններս նույն կրթական ծրագրով աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և տվյալ հաստատությունում ուսումը շարունակելու դեպքում կզրկվեն տարկետման իրավունքից:
Նախագծով ներկայացվող փոփոխության համաձայն՝ վերը նշված քաղաքացիները, որոնք ուսումնառության ընթացքում կամ դրա ավարտից հետո, ինչպես նաև կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացիները, որոնք ուսումնառության ընթացքում կամ դրա ավարտից հետո կդիմեն նույն կարգի 9.1-ին կետին համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար, կներկայացնեն կարգի 9.1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը և կստանան հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, հնարավորություն կունենան օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, բացառությամբ կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի:
«Սա կարգավորում է մի իրավիճակ, երբ մեր որոշմամբ քաղաքացին հնարավորություն ունի ստանալ տարկետում կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումով, սակայն այլ տարկետում ունի, դիցուք, հիվանդության պատճառով, և մենք ստիպված ենք լինում նրան ասել, որ թեպետ ունես դրական եզրակացություն, բայց պետք է դիմես այն ժամանակ, երբ քո տարկետումն ավարտվի: Ըստ այդմ՝ սահմանում ենք կարգ, որով նրանք ընդգրկվում են Կառավարության նախագծում, և երբ գործող տարկետման կարգն ավարտվում է, սկսում է գործել կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճման համար տրված տարկետումը»,- նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը հայտնեց նաև, որ օլիմպիադաներում որոշակի նվաճումներ կամ համապատասխան բալերով, ՄՈԳ-ով տարկետման իրավունք ունեցող կամ աշխարհի լավագույն 50 բուհեր ընդունված ուսանողը ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենա այդ թոփ 50-ի մեջ մտնող այլ՝ ավելի բարձր համալսարաններ ընդունվել և նույնպես ստանալ տարկետման իրավունք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ փոփոխության իմաստն այն է, որ շարունակականությունն ապահովելու պարագայում մինչև 27 տարեկանը տարկետումը կմնա ուժի մեջ, բայց ոչ ավելի, որ դա չօգտագործվի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար: