Բացի ՌԴ քաղաքացիներից, Ռուսաստան կարող են մեկնել նաև ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրությամբ սահմանված առանձին կատեգորիաներում ներառված աձինք։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին։
«Համաձայն ՌԴ կառավարության կարգադրության՝ ՌԴ քաղաքացիներից բացի Ռուսաստան կարող են մեկնել նաև ՌԴ քաղաքացիների ընտանիքի ադամաները, խնամակալները և հոգաբարձուները՝ անձը հաստատող վավեր փաստաթղթերի և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող քաղաքացիները՝ անձը հաստատող փաստաթղթի և ՌԴ բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև՝ ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները»,- ասաց Աննա Նաղդալյանը։
Խոսնակը նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքները՝ ինչպես ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, այնպես էլ ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելքը հանելու կամ չեղարկելու ուղղությամբ՝ նշելով, որ այս մասով հստակ ժամկետներ չի կարող հայտնել։
Անդրադառնալով Չինաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին՝ խոսնակը նշեց, որ ՀՀ քաղաքացիները կարող են ՉԺՀ մեկնել 3 օր արված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի պարագայում, որը պետք է իրականացվի Հայաստանում Չինաստանի դեսպանության կողմից նշված բուժհաստատություններում և լաբորատորիաներում, ինչպես նաև պետք է ունենան Չինաստանի դեսպանության կողմից տրամադրված առողջական վիճակի մասին հայտագիր։
«Սա վերաբերում է մինչև 90 օրը Չինաստանում մնալ ցանկացող քաղաքացիներին։ 90 օրից ավել մնալու պարագայում մեր քաղաքացիները պետք է նախապես դիմեն Հայաստանում Չինաստանի դեսպանություն և ստանան մուտքի արտոնագիր»,- ասաց Նաղդալյանը։