«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ կշնորհի հայ երիտասարդներին՝ արտասահմանյան լավագույն համալսարաններում սովորելու համար։
Հիմնադրամի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8-ին Օշականի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը:
Ըստ հաղորդագրության՝ ներկայումս 45 երիտասարդ հնարավորություն ունի մասնագիտանալու աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու և սովորածը հանուն Հայրենիքի զարգացման ներդնելու պարտադիր պահանջով: Կրթաթոշակները տրամադրվել են դիմորդների հայտադիմումի, դրան կցված փաստաթղթերի և ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո:
Նշվում է, որ հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններով (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը:
Կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հիմնադրամի բարերարներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ և տարբեր տարիների կրթաթոշակառուներ:
«Ակնհայտ է, որ աշխարհի լավագույն կրթօջախների հետ մշտական կապն անհրաժեշտություն է Հայաստանի շարունակական առաջընթացի համար։ Այն ժամանակակից աշխարհի հետ համաքայլ շարժվելու կարևոր հնարավորություն է. այստեղ, թերևս, այլ տարբերակ չունենք»,- միջոցառման բացման խոսքում նշել է«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
«Այս գիտակցումն, անկախ պատմական հանգամանքներից, միշտ էլ առկա է եղել մեզանում։ Պետականության բացակայության պայմաններում՝ մեծանուն հայազգի մեկենասների հեռատեսության ու ջանքերի շնորհիվ տաղանդաշատ հայ երիտասարդները, որոնք իրենց հետագիծն են թողել մեր ինքնության վրա, արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Հետագայում ստեղծվեցին նաև հիմնադրամներ, երիտասարդների՝ արտերկրում սովորելու միջոցով մեր հասարակության ու երկրի զարգացման ընթացքն արդյունավետ ու կազմակերպված դարձնելու նպատակով»,- հավելել է Ղազարյանը։
Միջոցառման ավարտին ուսանողներին հանձնվել են կրթաթոշակների հավաստագրերը։
Նշվում է, որ միջոցառման վայրի ընտրությունը պատահական չի եղել. Օշականի մշակույթի պալատն այն տասը մշակութային տներից է, որ ընդգրկված է «Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում: Ծրագրով նախատեսվում է մշակույթի տների ենթակառուցվածքների բարեկարգում ու մարդկային ռեսուրսների հզորացում: