«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շնորհիվ Ֆիոլետովո գյուղի դպրոցում նոր ուսումնական տարվա մեկնարկը կրկնակի տոն էր։
Համաձայն երկարամյա ավանդույթի, որին չկարողացավ խանգարել հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը՝ ընկերությունն ավարտեց վերանորոգման աշխատանքների հերթական փուլը. վերանորոգվեցին դպրոց տանող ճանապարհները և զուգարանի սենյակները: Երկաթուղին նաև հեռուստացույց նվիրեց ուսումնական հաստատությանը, իսկ գրադարանային ֆոնդը համալրվեց նոր դասագրքերի հերթական խմբաքանակով:
Առաջին զանգի տոնական միջոցառման ժամանակ, շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ուսման մեջ նորանոր հաջողություններ և համբերություն մաղթեց նրանց:
«Երեխանե՛ր, դուք ձեր կյանքի նոր փուլ եք մտնում: Հետաքրքիր, հուզիչ, նոր գաղափարներով և գիտելիքներով լի մի փուլ, որտեղ նոր ընկերներ կգտնեք, ինչ-որ մեկը հստակ կկողմնորոշվի ապագա մասնագիտության հարցում: Եվ մենք՝ մեծահասակներս, կհետևենք ձեզ, կօգնենք և կուղղորդենք, որքան կարող ենք, գուցե նույնիսկ՝ կնախանձենք ձեզ, քանի որ դուք նոր հետաքրքիր աշխարհ եք բացահայտում», – ասաց ընկերության ղեկավարը:
Ընկերության աջակցությամբ արդեն իսկ վերանորոգվել և կահավորվել է դպրոցի ինտերակտիվ ուսուցման դասարանը, նոր դասագրքերով համալրվել է դպրոցի գրադարանը, վերանորոգվել են դպրոցի տանիքը, դասասենյակները, մարզադահլիճը, որը չէր շահագործվում 1988 թվականի երկրաշարժից հետո, ինչպես նաև՝ վերականգնվել է ջեռուցման համակարգը, հիմնովին վերանորոգվել և անհրաժեշտ տեխնիկայով հագեցվել աշխատանքային ուսուցանման դասասենյակը:
Իսկ անցյալ տարի երկաթուղայինները դպրոցին նվիրեցին անհրաժեշտ աուդիո և համակարգչային տեխնիկա և դասասեղաններ՝ տարրական դասարանների համար։
Առանց ուշադրության չեն մնացել և Սանահին կայարանում գտնվող Ալավերդի քաղաքի №3 մանկապարտեզի սաները. ավարտվել է շենքի երկրորդ հարկի կոսմետիկ վերանորոգումը, փոխվել են լուսամուտները:
Նախորդ տարիներին ընկերությունը այլ բարերարների հետ կապիտալ վերանորոգել էր մանկապարտեզի գլխավոր ու երկրորդ մասնաշենքերը, տանիքները, պատրաստել մանկական կահույք, տեղադրել ջեռուցման համակարգ, վերականգնել մանկական խաղահրապարակի տաղավարները, աստիճանները: Իսկ 2018 թվականին վերանորոգվել և անհրաժեշտ կահույքով, ջեռուցման համակարգով և կենցաղային տեխնիկայով հագեցվել էր մանկապարտեզի նոր մասնաշենքը:
Այս տարվա ընթացքում երկաթուղին նախատեսում է նաև կառուցել և կահավորել մանկական խաղահրապարակ Վահագնաձոր գյուղում, որտեղ գտնվում է Շահալի երկաթուղային կայարանը:
Բարեգործությունը միշտ եղել և շարունակում է մնալ Հարավկովկասյան երկաթուղու գործունեության առավել կարևոր ուղղություններից մեկը: Ընկերությունը շարունակում է իրականացնել կրթական հաստատությունների, վետերանների, մանկատների և գիշերօթիկների սաների աջակցությանն ուղղված նախագծեր:
2008-2019 թթ. բարեգործական ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 368 մլն դրամ: Ընթացիկ տարում նման ծրագրերի իրականացմանը նախատեսվում է ուղղել 29 մլն դրամ: