Այս օրերին, երբ 1992-1994թթ. առաջին Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի փայլուն հաղթանակները, ցավոք, մնացել են միայն հիշողություններում, կարծում եմ՝ պետք է հիշել ազգի հերոսներից մեկին։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Մոնթե Մելքոնյանի (1957-1993) ծննդյան օրն է. նա կդառնար 63 տարեկան։ Մոնթեն զոհվել է 36 տարեկանում՝ հավերժ մտնելով հայոց նորագույն պատմության մեջ։
Մոնթեն ծնվել է Վիսեյլիա (Կալիֆորնիա, ԱՄՆ) քաղաքում։ Նա Ղարաբաղ էր եկել 1991-ին և միացել Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ Մասնավորապես, նա մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերի համար դաժան մարտերին, հետո նշանակվել Կոռնիձորի ջոկատի շտաբի պետ։
1992 թվականի ամռանը ադրբեջանական բանակը ձգտում է գրավել Մաճկալաշեն գյուղը, որը համարվում է Արցախի «հարավային դարպաս», և այնտեղից շարժվել դեպի Շուշի քաղաք։ Մոնթեի մարտիկները, կանգնեցնելով հակառակորդին, նրան հետ են շպրտում և դրանով իսկ ապահովում Արցախի անվտանգությունը հարավից։ Այդ հաջողությունից հետո Մելքոնյանը գլխավորել է Մարտունու պաշտպանական ջոկատը և մեկ տարի շարունակ պաշտպանել այդ շրջանը։ Նա աչքի է ընկել նաև Քելբաջարի (Քարվաճառի) օպերացիայում, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Ասկերանի շրջանների համար մղվող մարտերում։
Ամբողջ հայկական աշխարհը նրան ճանաչում էր որպես Մոնթե, ազգանունը նշելն արդեն ավելորդ էր։ Նրա անվախության և, դրա հետ մեկտեղ, ռազմական խոր գիտելիքների իմացության մասին լեգենդներ էին պտտվում։ Մինչ Հայաստանում բոլորը հպարտանում էին Մոնթեով, Ադրբեջանում նրան անվանում էին «հանցագործ ու ահաբեկիչ»։
Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ տեղի ունեցած մարտում, որտեղ նրա ջոկատը հարձակման էր ենթարկվել ադրբեջանական խոշոր կազմավորումների կողմից, որին աջակցում էին հետեւակի մի քանի մարտական մեքենաներ: Գլխի վնասվածքը մահացու է եղել…
Մոնթեի մարմինն ամփոփված է Եռաբլուրում։ Հետմահու նա արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» և «Արցախի հերոս» կոչումներին։ Նրա անունով են կոչվել ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը, Երեւանի համալսարանը եւ դպրոցը, կամուրջը, բարեգործական հիմնադրամը։ Նրա հուշարձանները տեղադրվել են Երևանում, Հրազդանում, Արցախի Մարտունիում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մարտունեցիները ցանկանում էին իրենց քաղաքը վերանվանել Մոնթեաբերդ։
Ճակատագրի դաժան հեգնանքով՝ հենց նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառի համար հերոսաբար մարտնչած և նրան զավթիչներից ազատագրած Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այդ շրջանը, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության համաձայն, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մնում է արձանագրել, որ հայ ժողովրդին այս պատերազմում Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ էին պետք, բայց․․․
Ա. Գ.