Ավերիչ երկրաշարժի օրից արդեն 32 տարի է անցել, սակայն ծանր հիշողությունները շարունակում են ուղեկցել բոլոր նրանց, ովքեր վերապրել են անասելի ծանր այդ օրերը: Այս մասին
գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Հիշատակի այս օրը կրկին ուզում եմ ցավակցական խոսք հղել բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստեր ունեցան ու երախտագիտություն հայտնել աշխարհի տարբեր անկյուններից մեզ օգնության հասած մարդկանց:
Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստեր կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը ու, ցավոք, այսքան տարիներ անց, դեռևս չենք կարողացել ձերբազատվել աղետի գոտի լինելու հետևանքներից:
Վերջին երկու տարում աննխադեպ աշխատանք է իրականացվել այս խնդրի վերջնական լուծման ուղղությամբ և մինչև հաջորդ տարեվերջ, վստահ ենք, ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի ջանքերով ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակապահովման խնդիրը վերջնական լուծում կստանա:
Սիրելի՛ լոռեցիներ,
Ուզում եմ բոլորիս մաղթել, որ երբեք, այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն ու մեր ժողովուրդն ընթանա անխախտ զարգացման ու բարեկեցության ուղով»,- գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։