Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում այսօր կրկին հանդիպել է Արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհայտ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների եւ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռքբերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- տեղեկացրել է Գևորգյանը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: