Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։
«Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությամբ՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների եւ երկու ժողովուրդների միջեւ անկեղծ բարեկամության վրա: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձեւի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կարեւոր ազդակ է միջազգային հանրությանը եւ արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով բանաձևի խորհրդին՝ նախարարն ընդգծեց դրա կարևորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Նախարարը նշեց, որ Թուրքիան, գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի` հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար:
Նախարար Այվազյանն իր ֆրանսիացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դրանց ոչնչացման, և պղծման դրսևորումների վրա: Այս համատեքստում կողմերը շեշտեցին հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության և այդ գործում միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավվածության կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվեցին նաև Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գոյացած հումանիտար մարտահրավերները և դրանք հասցեագրելուն ուղղված քայլերը։
Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:
Նշենք, որ մինչ այս նախարար Այվազյանը հանդիպումներ էր ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ-ում։