Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիներն իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ևս մետրոյի աշխատանքը խափանվել էր կրկին քաղաքացիների իրականացրած ակցիայի պատճառով։
Հիշեցնենք նաև, որ սույն թվականի նոյեմբերի 10-ից ընդդիմությունը՝ 16 կուսակցություններով, պահանջում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պարբերաբար կազմակերպվում են բողոքի հանրահավաքներ։
Դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել վարչապետին՝ ժամանակ տալով մինչ դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12։00-ը։ Ժամկետի լրանալուն պես ամբողջ ՀՀ տարածքում սկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։