Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվեցին 09:45-ի դրությամբ։ Այս մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-հայտնել էր նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ևս մետրոյի աշխատանքը խափանվել էր կրկին քաղաքացիների իրականացրած ակցիայի պատճառով։ Հիշեցնենք նաև, որ սույն թվականի նոյեմբերի 10-ից ընդդիմությունը՝ 16 կուսակցություններով, պահանջում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Պարբերաբար կազմակերպվում են բողոքի հանրահավաքներ։ Դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել վարչապետին՝ ժամանակ տալով մինչ դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12։00-ը։ Ժամկետի լրանալուն պես ամբողջ ՀՀ տարածքում սկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։