ՀՅԴ-ի Երևանի քաղաքային կոմիտեի մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի մոտ և բողոքի ակցիա էին իրականացնում, որոնք նաև իրենց հետ դիմում-նամակ էին բերել՝ հանձնելու քաղաքապետին։ Նրանք «Մարության, հեռացիր» վանկարկումներով պահանջում էին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը, նաև՝ որ քաղաքապետը պատասխանի՝ դե՞մ է իշխանության դավաճանական գործելակերպին, թե՞ ոչ։ Ակցիայի մասնակիցները Հայկ Մարությանին մեղադրում են ազգը պառակտելու, նրան սևերի և սպիտակների բաժանելու համար։
Նրանց հետ հանդիպման դուրս եկավ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որին բողոքի ակցիայի մասնակիցները փոխանցեցին իրենց դիմում-նամակը։ Կարապետյանը, վերցնելով ՀՅԴ-ի Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցչի նամակը, միայն շնորհակալություն հայտնեց ու կրկին ներս մտավ։ Ակցիայի մասնակիցները դադարեցրեցին իրենց բողոքի ակցիան, քանի որ հույս չունեն, որ քաղաքապետը նամակին կպատասխանի։
Հիշեցնենք, որ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր 16 կուսակցությունները պարբերաբար բողոքի տարբեր ակցիաներ են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարող ուժի հրաժարականի պահանջով։