Առաջիկայում նախատեսվում է գերիների փոխանակման երկրորդ փուլը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Ադրբեջանում մնացած գերիների թիվը երեկ Հայաստան վերադարձածներից էապես ավելի է: Այս պահի դրությամբ քննարկումը գնում է հաստատված գերիների թվաքանակի մասին, և չենք բացառում, որ գործընթացը շարունակական կլինի»,-նշել է պատգամավորը։
Նա մանրամասնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակի և գերիների վերադարձի աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 44 գերի։
Նրանցից 4 զինծառայողներն ու 2 քաղաքացիական անձինք գերեվարվել էին մինչ Արցախյան պատերազմը, իսկ 26 զինծառայողներն ու 12 քաղաքացիական անձինք՝ պատերազմի ընթացքում և պատերազմի դադարից հետո։