Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ունեցած տեղեկություններով՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կմեկնի Ստեփանակերտ՝ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մարզպետը մի քանի անգամ հանդիպել է գերեվարված զինվորների ծնողների և հարազատների հետ։ Երեկ ուշ երեկոյան ևս հանդիպել է նրանց հետ։ Մարզպետը Բերձորի շրջանի պաշտպանության բանակի ներկայացուցիչների հետ հանդիպումից տեղեկություններ է ստացել, որ հայ զինծայողների մի խմբի հետ կապը մեկ- երկու օր ընդհատվել է»,- ասաց մարզպետարանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ այսօր Շիրակի մարզի՝ Արցախում գերեվարված զինվորների ընտանիքների անդամները փակել էին Երևան- Գյումրի ճանապարհը։ Նշենք, որ, ըստ տեղեկությունների, Շիրակի մարզի կամավորական ջոկատի զինծառայող Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել է շրջափակման մեջ կամ գերեվարվել։
Վերջին օրերին հայ զինծառայողների գերեվարության դեպքերին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ հայկական կողմի տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ:
Հիշեցնենք նաև, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր, թե Ադրբեջանի տիրապետության տակ անցած Խծաբերդ գյուղի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել։