Այս պահին Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, Որոտանի վարչական ղեկավարի հետ միասին Որոտանում բանակցում են ռուսների հետ, որպեսզի թշնամուն համոզեն GPS համակարգով մեր տարածքում գտնվող տունը մնա մեր տարածքում։
Այս մասին տեղեկացնում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Նա հայտնել է, որ այսօր ադրբեջանցիները տան տերերին մեկ ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար։
«Փաստորեն, անգամ GPS համակարգով փաստացի մեր տարածքում գտնվող բնակելի տունը ադրբեջանցին ասում է, որ արդեն իրենն է։ Տան տերերը տունը լքել են, բայց ռուսները խոստացել են, որ ամեն ինչ կանեն, որ տունը մնա։ Եթե առաջնորդվում ենք GPS կոչվածով, ապա մեր սահմանում գտնվող տունը ի՞նչի է նորից թշնամին մեզանից պահանջում»,-նշել է Յոլյանը՝ հավելելով, որ, երբ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը փորձում էր խոսել այս խնդիրների մասին, ձերբակալվեց, որպեսզի խոչընդոտող չլինի։
«Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է նաև Քաջարան համայնքի ղեկավարը։ Պարզվում է` Սյունիքի բոլոր համայնքապետները պետք է անխտիր մեկուսանան, որպեսզի Սյունիքը ադրբեջանցու հետ կիսելը առանց խոչընդոտների լինի»-նշել է Յոլյանը։
Նշենք, որ նախօրեին սյունիքցիների պահանջով վարչապետ Փաշինյանը չայցելեց մարզի՝ Գորիսից հարավ ընկած բնակավայրեր։ Մինչ այդ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Գորիսի քաղաքապետի նկատմամբ։