Նախատոնական տրամադրությունն այս տարի, մեղմ ասած, այնքան էլ տոնական չէ։ Հետպատերազմյան սթրեսը չի՛ հաղթահարված, մարդիկ մեղքի զգացումով են լցված սահմանին զոհված մեր քաջորդիների համար։ Համատարած խոսվում է Նոր տարին չնշելու մասին, սակայն․․․․ինչպես ասում են, իրական պատկերն այլ է։
Armenia Today-ը կապ հաստատեց մի շարք հյուրանոցային համալիրների հետ՝ ճշտելու, թե ի՞նչ տոնական միջոցառումներ են նախատեսվում հանգստյան օրերին և ի՞նչ ձևաչափով են դրանք անցկացվելու։
Պարզվեց, որ բոլոր հյուրանոցներում ընդհանուր որոշում կա՝ տոնական միջոցառումն անցկացնել նվագախմբով, սակայն, դասական երաժշտությամբ․ պարեղանակ չի լինելու։
Երկու անձի համար, դեկտեմբերի 29-ի դրությամբ, Դիլիջանի «Թեժ լեռ» և Աղվերանի «Արարատ» համալիրներում դեկտեմբրի 31-ից մինչև հունվարի 6-ը արժե 590 000 ՀՀ դրամ։ Ազատ տեղեր համարյա չկային, մնացել էր երեք համար։
Ջերմուկի «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում երկու անձը կարող է հանգստանալ 725 000 դրամով։ Նախատեսվում են Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ շոու-ծրագրեր տոնական բոլոր օրերին։
Քիչ թե շատ էժան է Ջերմուկի «Օլիմպիա»-ն։ Այստեղ 2 անձի ամանորյա հանգիստը կարելի է վայելել 400 000 դրամով։ Այնտեղ ոչ մի տոնական միջոցառում նախատեսված չէ։
Իսկ ավելի թանկարժեք ու բարձրակարգ մի շարք հյուրանոցային համալիրներում, ինչպիսիք են, օրինակ, «Մուլտի ռեստ հաուս»-ն ու Թուֆենկյան-ը, տեղերը վաղուց սպառված են։
Մեր հարցման արդյուքներից պարզ դարձավ, որ հայ ժողովուրդը, այնուամեայնիվ, նշում է Ամանորը։ Այո, հրապարակը զարդարված չէ տոնածառով, քաղաքը զերծ է ամեն տեսակ զարդ ու զարդարանքից, սակայն 2021 թվականից ոչ մի տեղ չես փախչի։
Արաքսյա Սնխչյան