Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Շուռնուխում իր տունն այրողն արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն, կարող ես հաղթել: Պարզվում է` այդքան էլ այդպես չէ։ Պատերազմի օրերին Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում: Որ գալիս էր համայնքապետարան, բոլոր դռները բացում էր, բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը, ի՞նչ կա։ Մի գոտեպնդող բան պիտի ասեր, ու հումորն էլ անպակաս էր։ Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է: Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն կլիներ մեր ներկան»:
Նշենք, որ երեկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Շուռնուխի բնակիչներն այրում էին իրենց տները՝ չցանկանալով դրանք թողնել ադրբեջանցիներին:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու, Մարտակերտի շրջաններից։ Հանձնման վտանգի տակ են նաև Սյունիքի որոշ համայնքներ: