Առցանց քարտեզներն ու ադրբեջանական ուժերի տեղակայումը չեն համապատասխանում։ Որոշ տեղերում հակառակորդի զորքերի տեղակայվել են Հայաստանի տարածքում։ Այս մասին հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը, որը շարունակում է իր շրջայցը Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։
Թաթոյանը նաև հայտնել է, որ ուսումնասիրություններ են կատարվել Կապանի օդանավակայանի վարչական շենքի և թռիչքուղիների տարածքներում, որոնց անմիջական հարևանությամբ են գտնվում ադրբեջանական տեղակայման վայրերը:
Ըստ ՄԻՊ-ի՝ ուսումնասիրությունները վկայում են, որ վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև Կապանից Երևան տանող (Մ2) միջպետական ճանապարհով տեղաշարժի ու Կապան քաղաքի մի շարք բնակելի վայրերի համար:
«Կապան քաղաքի օդանավակայանի և մի շարք գյուղերի տարածքներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում հենց տեղում Գուգլ (Google) և առցանց քարտեզների մի քանի այլ տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունքներ, այդ թվում՝ մի քանի դեպքում Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը, ինչպես նաև Կապանի օդանավակայանի այն հատվածները, որոնցում տեղակայված են ադրբեջանական ուժերը, ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մասեր»,-հայտնել է Թաթոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:
ՊՆ-ից էլ հայտնել են, որ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: