Ինչպես գրել էր Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։
«Քանի դեռ դուք քննարկում եք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները․․․ 24 միլիոն դրամ՝ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար»,- գրել է նա։
Թե արդյո՞ք 24 միլիոն դրամ փոխանցվել է միայն վերը նշվածի համար, Armenia Today-ը հարցրեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին։
Վերջինս հաստատեց, որ, իսկապես, ծախս եղել է, բայց դա բնավ «պլյոնկա» փակցնել չէ։
«Ավտոբուսները մենք ստանում ենք գործարանային սպիտակ վիճակում, դրանք հետագայում կարիք ունեն ռեբրենդինգի, որպեսզի շահագործման հանձնվեն։ Այս պահին արդեն ունենք 100 մեքենա, յուրաքանչյուր մեքենայի ռեբրենդինգն արժե 240 000 դրամ»,- ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ըստ 2020 թվականին կատարված աշխատանքների կարճ հաշվետվության՝ համայնքի միջոցներով ձեռք են բերվել 100 կոմպակտ ավտոբուսներ։ Նոր ավտոբուսների գնումը կշարունակվի 2021 թվականին։ Կառուցվել է նաև ավտոբուսների նոր պարկը։