Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ հաստատվել է ամիսներ առաջ իրավունքի ուժով ստեղծված նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։
Հանձնաժողովի կազմում «Իմ քայլը» խմբակցությունից ընդգրկվել է 8 պատգամավոր, իսկ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից երկուական պատգամավորներ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ քննիչ հանձնաժողովը նախագահելու է ինքը, հանձնաժողովի մյուս անդամները կլինեն Հերիքնազ Տիգրանյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը, Արտակ Մանուկյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Անի Սամսոնյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը։
«Հուսով եմ, որ հանձնաժողովին կհաջողվի հանրությանը ներկայացնել համավարակի դեմ պայքարի արդյունավետության հնարավորինս օբյեկտիվ և բազմակողմանի պատկերը՝ արձանագրված խնդիրներով, հաջողություններով և թերացումներով, ինչպես նաև հանրությանը հուզող հարցերի պատասխանները:
Առաջիկա օրերին կհայտարարվի քննիչ հանձնաժողովի առաջին նիստի օրվա և ժամի մասին: Հաջողություն եմ մաղթում Քննիչ հանձնաժողովին: Առողջ եղեք»,- գրել է Արկադի Խաչատրյանը։