Ռուսական երեք հեռուստաընկերություն կմնա հայկական եթերում։ Այս մասին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Հայտարարվել էր 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար և 9 սլոթ՝ մայրաքաղաքային ծածկույթի համար: Սակայն, դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց միջկառավարական պայմանագիր, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք հանրապետական ծածկույթ է ստանալու՝ առանց լիցենզիայի, և ռուսական երկու ալիք ստանալու է մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր՝ կրկին առանց լիցենզիայի։ Սա նշանակում է, որ հանրապետական սլոթերի քանակը պակասում է մեկով, մայրաքաղաքայինը՝ 9-ից դառնում է 7», – ներկայացրեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը, որի ժամանակ էլ ամփոփվեց մրցույթի արդյունքները։
Հիշեցնենք նաև, որ «Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» օրենքով սահմանափակվում էր արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս օրենքով արտասահմանյան հեռուստաալիքները կարող են հեռարձակվել անվճար ցանցում միայն միջպետական պայմանագրի հիման վրա։ Հայաստանի արտգործնախարարությունը բանակցություններ էր վարել ռուսական կողմի հետ, որպեսզի հայկական մուլտիպլեքսում ռուսական ВГТРК, Россия, Культура հեռուստաալիքների հեռարձակումը պահպանվի։
Հավելենք, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում առկա է հինգ արտասահմանյան հեռուստաալիք, որոնցից չորսը ռուսական են: