ԱԺ-ն այսօրվա նիստում քննարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված օրենքի հոդվածներից մեկը լրացնելու մասին նախագիծը, որով համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատվում է համայնքի սեփականություն հանդիսացող այն վայրերը, որտեղ կազմակերպվում է տրանսպորտային միջոցի վաճառքը կամ վարձույթը, ինչպես նաեւ կարող է սահմանել այդ վայրերի վճարի չափը:
Այն հնարավորություն է տրվում համայնքի ղեկավարներին իրենց համայնքի որոշ տարածքներում արգելել տրանսպորտային միջոցների առքուվաճառքն ու վարձույթը, որոշներում էլ՝ թույլ տալ։
Այսինքն՝ համայնքի ղեկավարը կարող է դիմել ավագանու անդամներին՝ հստակեցնելու, թե որ տարածքներում հնարավոր չէ իրականացնել այդ գործողությունները։
Առևտրի ծառայությունների մասին օրենքում նույնպես կատարվել են փոփոխություններ, սահմանելով, որ ավտոշուկաները պետք է համապատասխանեն բոլորի համար ընդունված նորմերին։
Հարակից զեկուցող ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ օրենքի ընդունումը կլուծի մասնավորապես Երևան քաղաքի ճանապարհների աջակողմյան հատվածում կայանած ավտոմեքենաների հարցը։ Դրանք խնդիր են առաջացնում և՛ ձնամաքրման, և՛ երթուղային տրանսպորտի աշխատանքներին։
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: