Հայ ռազմագերիների վերադարձի հարցն առաջարկվել է ներառել այսօր մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից։
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2021 թվականի ձմեռային նստաշրջանն անցկացնելու է հունվարի 25-ից 28-ը։
Վեհաժողովին ներկայացվել է նաև ընթացիկ հարցերի երեք դիմում՝
1․ Ուկրաինայում ռուսերենի և այլ ազգային փոքրամասնությունների լեզուների արգելքը
2․ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և գերիների վերադարձի անհիմն ձգձգումը որպես Մարդու իրավունքների եվրոպական միջազգային ստանդարտների խախտում
3․ Ղրիմում և Սևաստոպոլում կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարդու իրավունքների փաստացի իրավիճակը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրած հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում:
Նշենք, որ չնայած հայկական կողմը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին, սակայն, ադրբեջանական կողմը ձգձգում է հայ ռազմագերիների վերադարձը։ Ավելին՝ չի հայտնում, թե ընդհանուր թվով քանի ռազմագերի կա Ադրբեջանում, իսկ նրանցից մի քանիսի դեմ քրեական գործեր է հարուցել՝ ահաբեկչության հոդվածի հատկանիշներով։ Ի դեպ, գերիների վերադարձի հարցը չլուծվեց նաև հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման շրջանակում։