Armat National Platforms նախագիծը հրապարակել է Սողոմոն Թեհլերյանի ընտանիքի բացառիկ պատմական լուսանկարը, որն արվել է 1908-ին Երզնկայում:
Սողոմոնը (ձախից առաջինը) եղբայրների, քույրերի ու հոր հետ է։
12-ամյա Սողոմոնն այս լուսանկարում բավականին ուշագրավ կերպարում է. նրա աջ ձեռքին դաշույն է, և հենց այդ ձեռքով է նա 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում կրակել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթի վրա:
1915-ից հետո՝ Թեհլերյանների մեծ ընտանիքից (նրանք Երզնկա գավառից էին) գրեթե ոչ ոք ողջ չի մնացել։
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897 թվականին Բագառիճում (Երզնկայի գավառ, Արևմտյան Հայաստան), ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։