Նախորդ տարվանից նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին մտցվել, մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում՝ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր կառավարության նիստի բացմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ մեր կառավարությունը Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ աշխատում էր այդ հարցը կարգավորելու համար, և, կարծես, խնդիրը լուծվել է։
«Մեկնարկում է «Ճամփորդիր՝ առանց Covid-19» ծրագիրը, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին մեկնել Ռուսասատան՝ ունենալով կորոնավիրուսի բացասական թեստեր։ Ծրագիրը փորձնական է, որը կգործի մինչև մարտի 1-ը, սակայն, համոզված ենք, որ այն կլինի շարունակական»,-ասաց վարչապետը և խոսքը փոխանցեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որն ավելի մանրամասն ներկայացրեց ծրագիրը։ Նա նշեց, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որտեղ ներկայացված են մի շարք լաբորատորիաներ։ Քաղաքացին, իր հեռախոսում ներբեռնելով «Ճամփորդիր՝ առանց Covid-19» հավելվածը, կտեսնի այդ լաբորատորիաները, որոնք ընդգրկված են ծրագրում, այդտեղ կհանձնի թեստը։ Թեստի արդյունքը՝ QR կոդով մտցվում է համակարգ։ Եթե թեստը լինում է բացասական, ապա տվյալ քաղաքացու ազատ տեղաշարժի պատուհանը «կանաչում» է, որն էլ նրան ազատ տեղաշարժի իրավունք է տալիս։ Իսկ վարչապետը նաև հավելեց, որ քաղաքացին պետք է թեստավորվի թռիչքից ամենաուշը 72 ժամ առաջ։ Ռուսաստանի հետ ազատ տեղաշարժի ռեժիմը կգործի փետրվարի 1-ից։