Այսօր՝ Հայոց բանակի օրը, Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ՝ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» վերտառությամբ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Բացման արարողությանը ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը և մերօրյա հերոսների հարազատներ ու համալսարանականներ։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Բանակի օրվա առիթով, ընդգծել է, որ արդեն մեկ տարի է՝ բժիշկները պատերազմ են մղում 2 ճակատով. «Համավարակի դեմ պայքարին ավելացավ իրական պատերազմը: Վերքերը թարմ են, արյունը չի չորացել, սպիանալու մասին դեռ չենք կարող խոսել, սակայն առանց ընկճվելու պետք է առաջ շարժվենք՝ հանուն մեր սերունդների»։
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանն առաջարկել է հուշատախտակի վրա գրված տողերն առաջիկայում օգտագործել նաև բժշկական տարաբնույթ միջոցառումներում՝ որպես ապագա բժիշկների երդման տեքստ՝ ի հիշատակ բոլոր զոհված տղաների: