Բացառությամբ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների՝ փաստացի ունենք աղբի տեսակավորման 60 կետ։ Պրոցեսը շարունակական է։ Մոտավորապես փետրվարի վերջ Երևանում կլինի 135 տեսակավորման կետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը։
«Տանը տեսակավորված թափոնները քաղաքացիները կարող են մոտեցնել տվյալ հասցե և նետել համապատասխան ամանի մեջ։ Կլինեն թղթի, պլաստմասի և ապակու համար նախատեսված աղբարկղեր»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունները աղբի տեսակավորման մասին դեռևս 2017-2018 թվականներից լայնածավալ իրազեկման աշխատանքներ են կատարել։
«Արդեն տեղակայված թափոնամանների տեղակայման երկու վայրում խնդիրներ ունեցել ենք,- ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության թափոնների տեսակավորման վարչության պետը։ Փորձեցինք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, իրազեկմա՞ն, թափոնամանների՞, թե՞ ընդհանուր օգտագործման աղբամանների պակաս կա։ Այսպիսով՝ խնդիրներին լուծում տալով անցնում ենք առաջ»։
Նա նշեց, որ մասնագետների միջոցով հարցերին ու առաջացող խնդիրներին լուծում է տրվել։ Այս պահի դրությամբ չկա թափոնամանների տեղակայումը փոփոխած որևէ հասցե։