Դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճելու վերաբերյալ խնդրով այսօր դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահին:
Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Facebook-ի իր էջում։
«Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ կապված դեպի ՌԴ ավիատոմսերի գների բարձրացումների հետ։
Մասնավորապես, հայտնի է, որ 2021 թ. փետրվարի 01-ից ՌԴ սահմանները բացվել են մեր քաղաքացիների համար։
Այնինչ, բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք տեղեկություններ և դժգոհություններ առ այն, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։ Նշվածը վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական ավիափոխադրողներին։
Ընդ որում, խոսքը դեռ միայն միակողմանի տոմսերի գների մասին է։
Ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահին խնդրել եմ ուսումնասիրել, թե ավիատոմսերի շուկայում դեպի Ռուսաստան տոմսերի գների բարձրացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած տոմսերի գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար։
Պատասխանն ստանալուն պես այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,- ասված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառման մեջ։