Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոյին և միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բագգիոլիին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման նպատակով ԵՄ աջակցությամբ իրականացվում են մի շարք ազգային և տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր։
Կողմերը մասնավորապես անդրադարձել են՝
• «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրին, որի նպատակն է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունները, բարելավել էկոհամակարգի բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման կարողությունները, ինչպես նաև՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։
• ԵՄ «Ջրային նախաձեռնություն+» ծրագրին, որն ուղղված է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի մշակման և իրականացման մարտահրավերների հաղթահարմանը։ ՀՀ կառավարությունն այս ծրագրի օժանդակությամբ Սևանա լճի ավազանի համար մշակում է գետավազանային կառավարման առաջին պլանը, որի նպատակն է երկարաժամկետ կտրվածքով ջրային ռեսուրսների կառավարման կառուցվածքավորումն ու բարելավումը ավազանային մակարդակում։
• «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրին, որի նպատակն է օժանդակել Արևելյան գործընկերության 6 երկրի բնական կապիտալի պահպանության և տնտեսական աճը խթանելու գործում կանաչ աճին նպաստող հնարավորությունների բացահայտմանը, բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմների կիրառմանը՝ արդյունքում զարգացնելով կանաչ էկոնոմիկան։
Քննարկվել են նաև 2019թ․ հունիսից Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի՝ «Շրջակա միջավայր և Կլիմայի փոփոխություն» գլուխների միջոցառումների իրականացման աշխատանքները։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախարարությունը հետաքրքրված է նաև ԵՄ «կանաչ գործարքի» կիրարկման գործընթացին ՀՀ ներգրավման հնարավորությամբ։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը փաստել են, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։