Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Այ մասին նա գրառում է արել իր Facebook-յան էջում, որում ասված է․
«Հանդիպման սկզբում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Քարամյանը ներկայացրեց, որ իրենց այցի նպատակը Գեղարքունիքի մարզում գործուներություն ծավալելն է՝ կապված 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքների վերացման կամ մեղմման, պատերազմից տուժած բնակչության հիմնախնդիրների կարգավորման հետ։
Խոսեցի պատերազմի ընթացքում և հետպատերազմական ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում ի հայտ եկած հիմնախնդիրների մասին, որոնք առկա են մի շարք ուղղություններում և պահանջում են առաջնահերթ կարգավորումներ։ Ողջունելի է, որ հետպատերազմական ժամանակաշրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ցանկություն է հայտնել գործունեություն ծավալել Գեղարքունիքի մարզում։ Մենք պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի հետ, ու վստահ եմ, որ այս համագործակցությունը ևս արդյունավետ ընթացք կունենա։
Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք նյութական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերեն նաև դատաբժշկական ոլորտում։ Անհետ կորածների հարցերով կաջակցեն ոչ միայն Արցախյան վերջին, այլ նաև առաջին պատերազմի ժամանակ տուժած ընտանիքներին։ Դրա համար ցանկանում են անձամբ խոսել պատերազմից տուժած ընտանիքների հետ, մոտիկից ծանոթանալ բոլոր առկա հիմնախնդիրներին ու փորձել դրանք կարգավորել։ Նաև տեղեկանալ, թե որքանով են ինտեգրվում Գեղարքունիքի մարզում Արցախից տեղահանված ընտանիքները: Հանդիպման ավարտին հույս հայտնեցին, որ Գեղարքունիքի մարզպետարանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի համագործակցությունը կտա ցանկալի ու տեսանելի արդյունքներ։ Մենք պետք է լինենք մշտական շփումների մեջ, ոլորտ առ ոլորտ վեր հանենք ու համաձայնեցնենք կարիքների գնահատման ու կարգավորման առաջնահերթությունները»։