Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի տղամարդ՝ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Shamsyan.com-ը:
«Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը չի հասցրել փախնել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արաբկիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:
Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին էլ բանկ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի, գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բանկը թալանողի ինքնությունը»,-հայտնում է լրատվամիջոցը: