Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուր փողոցից կգործի նոր երթուղի՝ նոր միկրոավտոբուսներով: Այս փողոցի բնակիչները կարող են ուղիղ երթուղով իջնել քաղաքի կենտրոն: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը, նշելով, որ ամբողջական երթուղին շուտով կհրապարակվի:
Մարությանը նաև նշեց, որ շուտով կվերանան գծեր և գծատերեր հասկացությունները: Ավելի ստույգ, կլինեն գծեր, բայց այդ գծերի 100 տոկոս բաժնետերը կլինի պետությունը:
Իսկ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի առաջին անգամ նախատեսել են Երեւանում տրոլեյբուսի գծի երկարաձգում՝ 1,5 կմ հատվածով:
«Դա Շիրակ-Արշատիսյան խաչմերուկում էր, որտեղ տրոլեյբուսները շրջադարձ էին իրականացնում: Կարծում եմ՝ մարտին կվերջացնենք և այդ գիծը Շիրակ փողոցն ամբողջությամբ կանցնի: Դա կլուծի 2 խնդիր. Եւ բնակիչների հասանելիության հարցը կլուծի, և Արտաշիսյան-Շիրակ խաչմերուկում խցանումներ չեն առաջանա, քանի որ շրջադարձը այդտեղ էր արվում»,-ասաց նա:
Ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն էլ անդրադարձավ առողջապահության ոլորտին, նշելով, որ, իհարկե, լավ է, որ լուծվում է վերելակների խնդիրը, տրանսպորտի խնդիրը, սակայն, պետք է ուշադրություն դարձնել նաև բուժհիմնարկների արդիականացմանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երեք հարց, այդ թվում՝ մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: