Փետրվարի 14֊ին՝ Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին, Սուրբ Գայանե վանքում կատարվել է նորապսակների օրհնության կարգ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
Պատարագից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով իր օրհնությունն ու նվերներն է բաշխել նորապսակ սարկավագներին և տաճարում ներկա նորապսակ զույգերին։
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը: Այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: