Տվյալներ չկան, որոնք հաստատեն Հայաստանում սպասվող ուժգին երկրաշարժի մասին, «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։
Միաժամանակ, նա շեշտեց, որ, ինչպես ԱԻՆ-ը զգուշացրել էր, թույլ և միջին ուժգնության ցնցումներ դեռ չեն բացառվում:
«Երկրաշարժերի կանխատեսումը բարդ խնդիր է, ընդհանուր լուծում համաշխարհային մակարդակում դեռ չունի հիմնախնդիրը, բայց տեղական կառույցը, ուսումնասիրելով երկրի կառուցվածքը, որոշակի հաջողություններ ունի, Սեյսմիկ պաշտպանության տարածքային կառույցը ևս որոշակի կանխատեսումներ կարող է անել, և դա դեռ ուժեղ երկրաշարժի կանխատեսում չէ: Շորժայի երկրաշարժից առաջ ու հետո տեղեկություն ենք տրամադրել, ԱԻՆ-ի կայքում կա, որ ցնցումներ լինելու են, չեն բացառվում միջին ուժգնության և թույլ ցնցումներ: Եվ տեղի ունեցավ Նուբարաշենի երկրաշարժը, որն զգացվեց: Հիմա էլ մեր տվյալների համաձայն` կարող ենք ասել, որ ոչինչ չի փոխվել»,- նշեց մասնագետը։
Օգտատերերը ԱԻՆ ներկայացուցչին նաև հարցրեցին` ինչո՞ւ նախարարությունը չի պահանջում քանդել բազմաբնակարանային շենքերում ինքնակամ շինությունները: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդականն ասաց` դա իրենց լիազորությունների շրջանակում չէ:
Հրաչյա Պետրոսյանը հիշեցրեց, որ Սպիտակի երկրաշարժի ավերածությունների 10 տոկոսը բնակիչների ինքնագործունեության արդյունք էր։
«Մի տեղ պատ են քանդել, զգեստապահարան սարքել, կան մարդիկ, որ իրենց համարում են հանճարեղ շինարարներ: Բացի դրանից, դա շատ տգեղ է, նույնիսկ կենտրոնական փողոցներում հրաշալի շենքեր կան, բայց վերևը մի հատ «բուդկա» է դրված, ոչ ոք չի ասում՝ այդ ի՞նչ ես արել»,- նկատեց նա։
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդականի ներկայացմամբ՝ Երևանում զգացված երկրաշարժը թույլ էր, 111-րդ գրանցված հետցնցումն է։
Նա նշեց, որ Երևանին ամենամոտը գտնվում են երևանյան խորքային ակտիվ և Գառնիի ակտիվ սեյսմածին խզվածքները, որտեղ կարող են լինել ավելի ուժեղ երկրաշարժեր։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Հայաստանի տարածքում Երևանի ժամանակով 15:29-ին երկրաշարժ է գրանցվել, երկրաշարժի էպիկենտոնը Երևանից 8 կմ հարավ է եղել:
Հիշեցնենք նաև, որ երեկ ևս Շորժա գյուղի մոտ երկրաշարժ էր գրանցվել։ Մեկ ժամ առաջ այդ տարածքից 5 կմ հյուսիս-արևելք կրկին տեղի էր ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ՝ հետցնցում։
Ավելի վաղ Գեղարքունքի մարզում կրկին երկրաշարժ էր գրանցվել։ Ըստ ԱԻՆ-ի՝ բազմաթիվ հետցնցումներ են գրանցվել։