Հայաստանում տարեկան տեղի է ունենում միջին հաշվով 300-500 երկրաշարժ, ներառյալ՝ հետցնցումները. դրանց մոտ 5-7 տոկոսն է զգացվում բնակչության կողմից: «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը:
Խոսելով վերջին օրերին Հայաստանում, իսկ ավելի ստույգ, Երևանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին, նա անդրադարձել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությանը, նշելով, որ, ըստ մասնագետների, դրանք նախատեսված են մինչեւ 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, սակայն սեյսմիկ վտանգը 9 բալ և բարձր է:
«Նոր բազմահարկ շենքերը, որոնք կառուցվել են 1994 թվականից հետո, նախագծվել են 9 բալ և բարձր սեյսմակայունության հաշվարկով: Հետեւաբար, եթե ընդունենք, որ այդ շենքերը նախագծվել, փորձաքննություն են անցել և կառուցվել առանց շեղումների, ապա պետք է ընդունենք, որ դրանք սեյսմակայուն են: Սակայն, ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերը, որոնք կազմում են բոլոր շենքերի մոտ 70 տոկոսը, նախագծվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, շահագործման ընթացքում չեն ուժեղացվել, հնարավոր է՝ չդիմանան 9 բալ եւ բարձր ուժգնության երկրաշարժին»,-նշել է նախարարը:
Փիլոյանը նաև կարևորել է բնակչության իրազեկումը եւ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումն ու ուսումնական վարժանք-տարհանումները: Նախարարը նկատել է, որ արցախյան պատերազմից հետո էլ ավելի կարևորվեց ապաստարանների խնդիրը, որը ևս պետք է լուծվի, քանի որ դա անվտանգության խնդիր է: Միաժամանակ պետք է բարձրացվի փրկարար ծառայության աշխատակիցների ֆիզիկական, կրակային պատրաստվածությունը։