Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Ֆրանսիայից ուղարկված բեռի մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Պետական եկամուտների կոմիտեն զանգվածային լրատվամիջոցներով «Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը երկու ամսից ավելի է՝ արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում» հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ 2020թ.-ի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայից բարեգործական հասարարական կազմակերպության կողմից ՀՀ է ներմուծվել 8271 կգ ապրանք, որը կազմակերպությունը ցանկացել է ձևակերպել «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով։
Կոմիտեն հայտնում է, որ ապրանքներն ուղեկցող հաշիվ-ապրանքագրում նշված է ընդհանուր 740 անուն ապրանք, որոնց մեջ առկա են նաև մեծ քանակությամբ դեղորայք և սնունդ։ ՊԵԿ-ը ՀԿ-ի ներկայացուցիչներին բազմիցս տեղեկացրել է, որ մաքսային ձևակերպումների ժամանակ սնունդ և դեղորայք հայտարարագրելու համար անհրաժեշտ են ՀՀ կառավարության կողմից սահմանված համապատասխան մարմինների թույլտվություններ, որոնք մինչև այս պահը չեն ներկայացվել մաքսային մարմիններին:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է նաև, որ մաքսային մարմիններն աջակցել են կազմակերպությանը՝ մաքսային ձևակերպումներն իրականացնող միջնորդ, ինչպես նաև ապրանքների պահպանությունն իրականացնող կազմակերպություններին՝ հորդորելով, որ ծառայություններն իրականացնեն անվճար և ցուցաբերեն անհրաժեշտ օգնություն, ինչը և իրականացվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։