Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կառավարության երկու մուտքերը շրջափակած ընդդիմադիր ուժերը փորձում էին խոչընդոտել վարչապետի մուտքն աշխատավայր:
Ոստիկանները, սակայն, շրջափակել էին Կառավարական թիվ 3 շենքի մուտքերը՝ բերման ենթարկելով քաղաքացիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ամեն դեպքում, հաջողվել էր մուտք գործել Կառավարության շենք։
ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել էր ոստիկանների գործողությունների հետևանքով: Ոստիկանական բաժանմունքից նա տեղափոխվել էր 8-րդ հիվանդանոց»։ Արաբյանը հայրենադարձ է:
Հիշեցնենք, որ ոստիկանական գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք էր ստացել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։