ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ արցախյան վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել 600 անձի։ Հաշմանդամության առաջին խումբ ստացել է 82 անձ, երկրորդ խումբ՝ 173, երրորդ խումբ՝ 335: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ մոտ 150 անձի հաշմանդամության որևէ խումբ չի տրվել:
«Այն անձը, որը առաջնային բուժօղակից ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, դա դեռ հիմք չէ, որ նա հաշմանդամության խումբ ստանա: Նշեմ, որ սահմանված է աջակցություն վերջին պատերազմի մասնակից, բայց հաշմանդամության խումբ չունեցող կամ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց համար: Ֆինանսավորումը 500 000 դրամի չափով է»,-մանրամասնեց փոխնախարարը։
Տաթևիկ Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ պատերազմի հետևանքով վնասվածք ստացած մոտ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի: Նրանցից 99-ին արդեն մասնագիտական խմբերն այցելել են:
«Նախարարությունը շահառուին տրամադրում է պետական հավաստագիր, որը հնարավորություն է տալիս շահառուին գնալ, ընտրել այն պրոթեզարանը, որն ինքը ցանկանում է: Մենք չենք ուղղորդում և թողնում ենք, որ շահառուն ինքը ընտրի»,- հավելեց նախարարի տեղակալը։
Տաթևիկ Ստեփանյանը նշեց նաև, որ արտերկրում պրոթեզավորում իրականացնելու կարիք չկա: Վստահեցրեց, որ Հայաստանում գործող 4 պրոթեզարաններն էլ որակյալ ծառայություններ տրամադրելու հնարավորություն ունեն։