Սուբվենցիոն ծրագրերի եռամյա արդյուքը ցույց է տալիս, որ ամեն տարի դրանց կարգը փոփոխությունների կարիք ունի: Այդ փոփոխությունները կապված են նախորդ տարիների մեր կատարողական ցուցանիշների, նաև պետության առաջնահերթությունների հետ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա կազմած նախագծով առաջարկվում է հստակեցնել սուբվենցիոն նախնական հայտերի հետ ներկայացվող տեխնիկական բնութագրերի պահանջները:
Քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված տեխնիկական առաջադրանքի ձևաչափում ներառված չեն ճանապարհների նորոգման, լուսավորության, գազամատակարարման, ջրամատակարարման հարցերը, առաջարկվում է ներառել նաև նաև ոլորտային պայմանները, ինչը հնարավորություն կտա ավելի հստակեցնել և բարձրացնել նախագծման գործընթացների արդյունավետությունը։
Հաշվի առնելով նախատեսվող համայնքների խոշորացման գործընթացները, և այն, որ մի շարք ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ և ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում, առաջարկվում է այն համայնքներում, որտեղ սահմանված կարգով չի ձևավորվել ավագանի, հնարավորություն տալ իրականացնելու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։
Ընդ որում, կարևորելով համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները, առաջարկվում է այն համայնքներում որոնք չունեն գլխավոր հատակագծեր՝ պետական բյուջեի համաֆինասնավորման չափաբաժինը նվազեցնել 5 տոկոսով։
«Կձևավորվի մշտադիտարկման խումբ, որը մշտապես հետևելու է այս փոփոխությունների նոր ցուցանիշներին և 2022 թվականի համար նոր փոփոխություններ է առաջարկելու»,- ասաց Պապիկյանը:
Գյուղական փողոցների արագ բարելավմանը զուգահեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է չխաթարել գյուղական կոլորիտը: Այդ է պատճառը, որ դրանք ոչ միայն բարելավվում են, այլ որոշակի գեղագիտական լուծումներ են ստանում: Այսինքն՝ կատարվում են սալապատման աշխատանքներ:
Այդ հարցում օգնության է հասնում տեղական հումքի օգտագործումը: Նախկինում բարեկարգումը կատարվել է ասֆալտապատման միջոցով, և դա նույնպես վատ չէ, սակայն բնակավայրն, ըստ վարչապետի, չպետք է կորցնի դիմագիծը: