Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։ Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հայտարարությունում:
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
◼ հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում: Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել
◼ փակ կարանտինային ռեժիմի պատճառով նեղ մասնագիտական ծառայությունների (օրինակ` հոգեբան, լոգոպեդ և այլն) մատուցումն էականորեն նվազել է, ինչը բացասաբար է անդրադարձել սաների առողջական վիճակի վրա
◼ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ կամ այլ կարգավորումներ
◼ սաների խմբերի ձևավորման համար բացակայում են նվազագույն չափորոշիչներ և մեթոդական ուղեցույց
◼ բացակայում են չափահաս սաների զբաղվածության ապահովման նպատակային ծրագրեր, ինչի հետևանքով հաստատությունում կազմակերպվող մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացները չեն ապահովում սաների ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռք բերումը:
◼ որոշ խմբասենյակներ գերծանրաբեռնված են, իսկ ննջարանների և խաղասենյակների առկա բաժանումը ոչ միշտ է ապահովում սաների հանգստի, ինքնուրույն և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների իրացման իրական հնարավորություն.
◼ չափահաս և անչափահաս սաները բնակվում են նույն խմբասենյակներում՝ միասին, ինչպես նաև ննջարաններն առանձնացված չեն՝ ըստ սաների սեռի
◼ սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ դայակների, դաստիարակների քանակը բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա.
◼ հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ, պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։