ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ի հերթական նիստում քննարկեց ՀՀ Կառավարության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ երեք այլ օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անհրաժեշտ համարեց փաթեթի ընդունումը՝ հիմնավորելով, որ 1993 թվականին ընդունված գործող օրենքն այլեւս ժամանակավրեպ է եւ չի համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Նախարարի խոսքով՝ նախագծերն անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար՝ բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը: Մասնավորապես, հաշմանդամության խմբերի փոխարեն նախատեսվում է սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթեւ, միջին, ծանր եւ խորը:
Եթե ընդունվի օրենսդրական փաթեթը, անձանց ֆունկցիոնալության գնահատումը կգործարկվի 2022-ի սեպտեմբերից:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը դրական գնահատեց փաթեթը՝ ընդգծելով, որ այն գրեթե բացառելու է հաշմանդամության կարգ տալու գործում առկա կոռուպցիոն երեւույթները, քանի որ գնահատող հանձնաժողովը ձեւավորվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող փորձաքննության նախորդ օրը: Նարեկ Զեյնալյանը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ անձի ֆունկցիոնալությունը գնահատելու համար ձեւավորվելիք ռեեստրում ընդգրկված մասնագետներն ընտրվելու են էլեկտրոնային բանկից՝ պատահականության սկզբունքով:
Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: