ՀՀ կառավարության համաձայնությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` հնարավոր կլինի առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցում կատարելու իրականացնել պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի արդյունքում գրանցված Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի դադարեցման պետական գրանցումը և ուժը կորցրած ճանաչել գրանցված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Ըստ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 3-րդ նրբանցք, N 17 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործում առկա նյութերի՝ Արմեն Մարտիրոսյանի անվամբ 1995 թվականին գրանցվել է 186.8 քմ մակերեսով օրինական շինություն և տրամադրվել է սեփականության վկայագիր:
Հետագայում պարզվել է, որ միևնույն շինության և հողամասի նկատմամբ 2006 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ անվամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ տվյալ գույքի նկատմամբ արդեն իսկ առկա է գրանցված իրավունք:
Գործող սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման իրականացվում է պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման դեպքում՝ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի դիմումի և իրավասու մարմնի կողմից համապատասխան ուղղումը կատարելու մասին գրության հիման վրա: