Ռազմական գործողություններին մասնակցած անձանց մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ու զբաղվածության ապահովման նպատակով այսօր հուշագիր է ստորագրվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ըստ այդմ՝ կկազմակերպվի ծրագրավորման լեզվի դասընթաց՝ առնվազն 200 մասնակցի համար․ կրթական կուրսը կարող է տևել 3-ից 6 ամիս՝ կախված մասնագիտությունից։
ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը մարտական գործողությունների մասնակիցների ֆիզիկական և հոգեբանական վերականգնումից զատ՝ կարևորել է վերջիններիս սոցիալական երաշխիքների, մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության ապահովումը։
«Պատերազմի մասնակիցների նկատմամբ պետության պարտավորությունը պատշաճ իրականացվում է առողջության վերականգնման և սոցիալական երաշխիքների տրամադրման շրջանակում։ Միաժամանակ կարևորում ենք նաև պատերազմի մասնակիցների՝ մասնավորապես վիրավորում ստացած անձանց որակյալ կրթություն ստանալու և հետագայում աշխատանքով ապահովվելու իրավունքը»։
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում տեղի ունեցող նորարարություններին ու փոփոխություններին, նշել է, որ մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք է լինելու․ «Այս ծրագիրը մեր զինվորների համար կարևորագույն ծրագրերից մեկն եմ համարում, որը հնարավորություն կտա կրթություն ստանալ և որոշակի գործիքակազմի տիրապետելով՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնել»։