Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծին, որով փոփոխություն է կատարվելու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում։
Մասնավորապես, նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաև այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների ու այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը՝ այդպիսով նպաստելով նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը։
Նախարարությունն այս առնչությամբ պարզաբանում է ներկայացնել՝ նշելով, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում սոցփաթեթի շահառու շուրջ 147 500 քաղաքացու համար տրամադրվող ծառայություններն ավելացնել։
«Ըստ այդմ՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը»,-նշված է նախարարության պարզաբանման մեջ։
Նշենք, որ ըստ նախարարության հիմնավորման՝ նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ սոցփաթեթի շահառու են հանդիսանում ոչ միայն պետական կառավարման համակարգի աշխատողները, այլ նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների և մի շարք այլ կազմակերպությունների աշխատողներ:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է աղմուկ հանած նախագծին։
Հարցին, թե այս որոշումն ինչպես է ազդելու պաշտոնյաների աշխատունակության վրա՝ նա նշել է․
«Ես այսօրվա նիստի օրակարգին դեռ ծանոթ չեմ։ Բայց կարող եմ ասել, որ ընդամենը ևս մեկ հնարավորություն է ավելանում։ Այդ հնարավորությունը բնակչությանը առողջ ապրելակերպի մղելուն կնպաստի։ Խոսքը թե՛ վնասակար սովորություններից, թե՛ պասիվ կյանքից ազատվելու հնարավորության մասին է։ Դա կնպաստի առողջ ապրելակերպ վարել։ Սոցփաթեթի շրջանակներում մինչ այս 4 ուղղություն էր, հիմա ևս մեկ ուղղություն է ավելանում, և ես դրանում որևէ խնդրահարույց բան չեմ տեսնում»։