Երևանում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է վերականգնողական բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված աշխատանքները թիթեռներով կոմպոզիցիաներ են, որոնց վաճառքից ստացված ամբողջ հասույթը զինվորները փոխանցելու են Զինվորի տանը. գրում է Արմենպրեսը:
«Տղաներն իրենց ձեռքով արվեստ են ստեղծել և ես պատահական չեմ ասում այդ բառը: Նրանք ստեղծել են գեղեցիկ գործեր՝ կարողանալով հաղթահարել ժամանակավոր տկարությունը: Սա հիշարժան միջոցառում է, և կարևոր չէ, թե որքան գումար կհավաքվի, պարզապես այս ներդրումն անգնահատելի է: Նախկինում ևս այս ավանդույթը եղել է, տղաները տղաների համար մոտեցումն է գործում: Բարի ավանդույթ է, որը պետք է շարունակել համատեղ ուժերով»,- ասել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ պետության կողմից տղաների առողջության ու սոցիալական երաշխիքների համար ՀՀ կառավարությունն անում է առավելագույնը: «Մենք շատ կարևորում ենք հետագայում ձեր ներգրավվածությունը աշխատանքի, կրթության մեջ: Այն միջավայրը, որ այսօր տեսնում ենք, այն ինչ ստեղծում եք, անում եք, մեզ պարտավորեցնում է լինել ավելի ուժեղ: Վստահ եմ, որ ավելի լավ երկիր ենք կերտելու նաև ի հիշատակ այն տղաների, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն Հայրենիքի»,-ասել է նախարարը: