Ապրիլի 8-ին, ժամը 16:00-20:00-ը, Կոնգրես հյուրանոցի Բոլ սրահում տեղի կունենա «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Նշված օրը ձեռք բերելով գինի՝ գնորդն իր ներդրումը կունենա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրաբերության ֆոնդում՝ միաժամանակ գնելով գինի շուկայականից ցածր արժեքով։
Միջոցառումը կազմակերպիչներն անվանել են «Կենաց»․ «Կենաց բառը մեզ է հասել գրաբարի «կեանք» բառից։ Այս խորհրդանշական բառով ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր հերոսներին՝ նշելով, որ պետք է ապրեցնենք, սիրենք մեր հայրենիքը՝ հանուն հերոսների կենաց (կյանքի) շարունակության»։
«Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի մուտքն ազատ է։ Դեգուստացիաների և վարպետաց դասերի մասնակցությունը՝ վճարովի, որոնցից ստացված հասույթը նույնպես ուղղվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: