ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ հայտնեց «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած խոշոր հրդեհի վերաբերյալ։ Նա նշեց, որ ավելի վաղ տոնավաճառում ընթացակարգի համաձայն հրդեհային և տեխնիկական անվտանգության ստուգումներ են կատարվել։
«Վերջին անգամ ստուգումն սկսվել է մարտի 9-ին ու ավարտվել մարտի 16-ին, ներկա պահին իրականացվում է փաստաթղթաշրջանառության գործընթաց: Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության հետ կապված խախտումներ, որոնք արձանագրված են։ Այդ կետերը բավական շատ են: Հրդեհի վերաբերյալ վարկածներ այս պահին չենք կարող նշել, քանի որ դեռ իրականացվում է հետաքննություն: Իմ տեղեկությամբ՝ նշանակվել է փորձաքննություն, մանրամասների մասին լրացուցիչ կհաղորդվի»,-ասաց նա:
Լրագրողների հարցին՝ արձանագրված խախտումների մասին զեկուցվե՞լ է, թե՞ ոչ՝ հղում անելով ընթացակարգին՝ Կ․ Կարապետյանը հստակ պատասխան չտվեց։
Armenia Today-ի հարցին՝ նախնական վնասների մասին տեղեկություն կա՞՝ պատասխանատուն նշեց, որ չի կարող ասել։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տեղամասի պետ Վարդան Մանուկյանը նշեց, որ, նախնական տվյալներով, մոտ 2000 քառակուսի մետր է այրվել։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 6-ին խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն այս մասին ահազանգն ստացվել է Ժամը 03։10-ի սահմաններում: Ինչպես Armenia Today-ին ավելի վաղ հայտնել էր ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը, զոհեր չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:
Մանրամասները՝ տեսանյութում