Business FM-ի գլխավոր խմբագիր Մաքսիմ Մորոզովը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հետ զրույցում խոսել է գործարարների բիզնեսի ժառանգության մասին՝ անդրադառնալով նաև թեմային առնչվող մի շարք այլ հարցերի։
Խոսելով Ռուսաստանում բիզնեսի ժառանգության առանձնահատկությունների ու բարդությունների մասին՝ Ռ․ Վարդանյանն ընդգծել է․
«Դժվարություններն ու առանձնահատկությունները կապված են այն բանի հետ, որ մենք 1917-ից այդ մշակույթը չենք ունեցել, գիտակցություն ու ըմբռնում ևս չկան։ Այդ իմաստով սպասվող շատ լուրջ գործընթացի նախապատրաստություն ևս չկա»։
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ բիզնես ժառանգությունը շատ ավելի լայն հասկացողություն է, քան պարզապես փողը կամ գործարաններն են․ «Դրանք ընտանեկան արժեքներն են, նաև ընտանեկան ավանդույթները»։
Հարցին, թե իր ընկալմամբ ո՞րն է հարուստ մարդը Ռուսաստանում՝ նա պատասխանել է․
«Նա այն մարդն է, որն ունի կարողություն, ընդ որում՝ պարտադիր չէ, որ դա ֆինանսական վիճակ ենթադրի։ Դա կարող է և հարուստ հոգի լինել: Այս առումով պարտադիր չէ, որ հարուստ մարդը շատ գումար ունենա։ Իմ ընկալմամբ՝ հեղինակությունը հարուստ մարդու բաղկացուցիչ մասն է»։
Ռ․ Վարդանյանը նաև նշել է, որ հարուստ, այդ թվում՝գործարար, այն մարդն է, որը կարող է անել այն, ինչն անելու ռիսկը ոչ բոլորն ունեն։
«Եվ այդ իմաստով ես հույս ունեմ, որ մենք օլիգարխի կերպարից կհեռանանք ու կամաց-կամաց կմոտենանք գործարարի ու ձեռներեց մարդու կերպարին, որն իսկապես կարող է առաջ տանել այն փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան։ Եվ այդ իմաստով պատկերն ավելի դրական կլինի»,-նշել է Ռւբեն Վարդանյանը։