Ծագող արևի երկիրը խորհրդանշող ճապոնական բալենիները Հայաստանի խորհրդարանի այգում տնկվել են 2015-ի մայիսին՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների: Այս մասին գրված է Ազգային ժողովի Facebook-յան էջում:
2021-ի ապրիլի 10-ին Ազգային ժողովի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում կրկին նշվեց ճապոնական լուսավոր տոներից մեկը՝ Հանամին:
Սակուրաներն այս տարի զարդարվել են ճերմակ թղթե կարապներով:
Հայ-ճապոնական պատմամշակութային առնչություններին ու տարեցտարի զարգացող կապերին անդրադարձավ գրականագետ Արծվի Բախչինյանը, որը հայ-ճապոնական կապերով սկսել է հետաքրքրվել դեռեւս 15 տարի առաջ: Նրա դիտարկմամբ՝ շարունակ ավելանում են ճապոներենով հետաքրքրվող հայերն ու նաեւ հայերենով հետաքրքրվող ճապոնացիները: Գրականագետը նշեց, որ շարունակում է հայ-ճապոնական առնչություններին վերաբերող ուսումնասիրությունները, հրապարակում հոդվածներ ու նաեւ պատմվածքներ:
«Մենք՝ հայերս, նույնպես սիրում ենք գեղեցիկը, արվեստը, ինչի մասին են վկայում մեր միջնադարյան մանրանկարչությունը, Սերգեյ Փարաջանովը, սակայն մեր կենցաղում կարծես այնքան էլ նշանակություն չենք տալիս գեղեցիկին: Այ հենց դա մենք պետք է սովորենք ճապոնացիներից»,-նշել է Արծվի Բախչինյանը: