Այսօր լրագրողներին է հանդիպել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, որը նախ նշեց, որ կանխարգելիչ միջոցառումների հետ կապված քննարկումները պարբերական բնույթ են կրելու, որի համար ավելի վաղ խնդրել էին նաև լրագրողների աջակուցությունը՝ սպառողներին ու տնտեսվարողներին այդ մասին տեղեկացնելու համար։ Հերթական քննարկումն ուղղված է կաթնամթերքի շուկայում հնարավոր անբարեխիղճ մրցակցությունը կանխարգելելուն և բացառելուն։ Բանախոսը նկատեց, որ կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է միմյանցից հստակ տարանջատում ունենան, և այդ մասին ինֆորմացիան պետք է անպայման լինի մակնշման մեջ, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն։ Գևորգյանը նշեց, որ վերջին երեք փուլով իրականացված ստուգումների արդյունքում իրավախախտումները զգալի քիչ էին, քան եղել են նախկինում։ Ճիշտ է, դրական դինամիկա կա, սակայն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական կլինեն։ Նա նաև նշեց, որ ի տարբերություն կաթի ու թթվասերի, կարագի շուկայում իրավիճակն անհամեմատ լավ էր, իրավախախտումներ չեն հայտնաբերվել։ ՏՄՊՊՀ նախագահը նաև նկատեց, որ կաթնամթերքի շուկայում գների բարձրացում գրեթե չկա, որը պայմանավորված է ոլորտում բարձր մրցակցությամբ։ Ինչ վերաբերում է ձվի շուկային, ապա նա նշեց, որ այդ մասին կխոսի հարուցված վարույթն ավարտելուց հետո, իսկ ուսումնասիրությունները շարունակվում են։ Գեղամ Գևորգյանը կրկին ու կրկին կարևորեց ապրանքների ճիշտ մակնշումը, որպեսզի որևէ անգամ սպառողն իրեն խաբված չզգա։