Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն այնտեղ են և պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Խծաբերդում ու Հին Թաղերում գերեվարված շիրակցիների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը։
Սակայն Armenia Today-ի հետ երեկվա զրուցում Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքս Կիրակոսյանն ասել էր, որ դա սովորական օրերից մեկն է, երբ գերեվարվածների հարազատները գալիս են մարզպետարան։ Մարզպետարան այցերը, հանդիպումները մարզպետի հետ ամենօրյա բնույթ են կրում։ «Ես ոչ մի հիմք չունեմ հայտարարելու, թե արգելափակվել են մարզպետարանի մուտքերը, կամ ծնողները չեն հեռանում մարզպետարանից։ Ծնողները ամեն օր են գալիս՝ հետաքրքրվելու իրենց որդիների ճակատագրով»,- ասել էր նա։
Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Գերեվարվածների հարազատներն իսկապես ողջ գիշեր մնացել էին մարզպետարանում։ Նրանք մարզպետարանում են նաև այսօր։
Գերատեսչության լրատավականից մեր զանգերին արդեն չեն պատասխանում։ Մարզպետարանի հեռախոսավարուհին միայն հաստատում է լուրն առ այն, որ բողոքի ակցիան շարունակցվում է։